Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սուրբ Գրքի ոճը

Սուրբ Գրքի ոճը
02.06.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
(ըստ աստվածաբանության և գիտության ռահվիրաների ու նշանավոր անձանց)
Սրբացրո՛ւ նրանց Քո ճշմարտությամբ, որովհետև Քո խոսքը ճշմարտություն է (Հովհ. 17.17)
Աստվածային կնիքով է դրոշմված նաև Սուրբ Գրքի ոճը, որի անզուգականության և կատարելության մասին արտահայտվել են և՛ Եկեղեցու հայրերը, և՛ մեծ գիտնականներն ու բանասերները, բանաստեղծներն ու գրողները։ Այն իր գեղեցկության մեջ անորսալի և դժվար ըմբռնելի է, ինչպես վկայում է այդ մասին գերմանացի մեծ բանաստեղծ Հայնեն. «Սա ի՜նչ գիրք է` մեծ ու ընդգրկուն, տիեզերքի խորքից մինչև երկնքի խորհրդավոր կապույտը ծավալված... Արդարև, դա Աստծո խոսքն է, մինչդեռ մյուս բոլոր գրքերը մարդկային արվեստի արգասիք են։ Աստվածաշնչում արվեստի հետք իսկ չկա. անհնար է քննել նրա ոճը»։

Աստծո խոսքը կարճ է ու գողտրիկ, բայց և չափազանց խոր ու բովանդակալից։ Տիեզերական մեծ վարդապետ ս. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Սուրբ Գրքում չկա մի վանկ, մի նշանախեց, որի խորքում մեծ գանձ ամփոփված չլինի։ Միանգամայն անհնար է սպառել Սուրբ Գրքի իմաստը. այն անհատնում աղբյուր է»։ Սուրբ Գրքի ոճն օժտված է բյուրեղյա մաքրությամբ և վեհասքանչորեն պարզ է, բայց ոչ պարզունակ` խոսքը լինի աշխարհի արարման, նահապետների պատմության մասին, թե վարդապետություն և խորախորհուրդ իմաստություն ու խրատ։ Ապշեցուցիչ են իրենց գեղեցկությամբ և նրբագեղությամբ մանավանդ Աստվածաշնչի իմաստության գրքերը, որոնցից առաջինը` Սաղմոսարանը, համաշխարհային բազմադարյա քնարերգության գլուխգործոցն է նկատվում։
Սուրբ Գրքին խորթ է մարդկային ստեղծագործություններում հանդիպող ճարտասանական արվեստին հատուկ վերամբարձ, փքուն և ճոռոմ ոճը. այստեղ չեք գտնի չափազանցություններ և փքուռույց պատկերավորություն, չկա արհեստական և շինծու բան։ Սուրբ Գրիգոր Աստվածաբանը գրում է. «Կարծում եմ, որ Սուրբ Գրքի բովանդակությունն աննպատակ չի կազմված, այն բառ ու բանի կույտ չէ` ի մի բերված լսողներին զվարճացնելու, ոչ էլ խայծ ականջների համար, որը ծառայում է զվարճությանը։ Այսպիսին է առասպելների, առասպելաբանության և այն հույների նպատակը, ովքեր առանձնապես հոգ չտանելով ճշմարտության մասին, հորինվածքների նրբագեղությամբ և արտահայտությունների ճոխությամբ հմայում են (մարդու) լսելիքն ու սիրտը»։
Աստվածաշունչն աշխարհի միակ Գիրքն է, որը զերծ է մարդու գովաբանությունից և մարդահաճությունից, ինչպես և մարդատյացությունից. այստեղ իսպառ բացակայում է մարդկանց նվաստացնելու կամ իդեալականացնելու միտումը, ինչն այնքան հատուկ է մարդկանց գրքերին։ Նույնիսկ մեծ մարգարեների ու առաքյալների մասին խոսելիս չեն սքողվում նրանց առանձին վրիպումներն ու սայթաքումները։
Սուրբ Գիրքը շնչում է անկեղծությամբ ու անաչառությամբ, քաղցրությամբ ու հանդարտությամբ. այն միշտ մխիթարում է ու սփոփում, քանզի, ինչպես գրված է սաղմոսում, «Աստված հիշում է, որ հող ենք» և քաջալերում է մեզ։ Առինքնող հորդորներ և խրատներ, որ գրված են Տիրոջ իրավունքով և իշխանությամբ, բայց և անբռնազբոս ոճով` մարդուն միշտ դեպի վեհն առաջնորդելու և մեղքից հրաժարել տալու հոգածությամբ։
Բնավ բացակայում է հեղինակների խանդավառությունը և զգացմունքայնությունը, բայց և անպատմելի ձևով տրամադրում մեզ խորհելու ստորի և վսեմի, վաղանցիկի և հավիտենականի, ուրախության և տխրության, կյանքի և մահվան հավիտենական խորհուրդների մասին։ Սուրբ Գիրքն ընթերցելիս անհնար է չխանդաղատվել, չընկալել խոսքի ներդաշնակությունն ու բովանդակության և ձևի կատարելությունը։ ՈՒշագրավ կարծիք է հայտնել այս առնչությամբ մեծահամբավ հանրագիտակ և ազդեցիկ գրող Դիդրոն. «Այս Գրքի առնչությամբ ես բացահայտ ու ամենայն անկեղծությամբ պետք է խոստովանեմ, որ ո՛չ Ֆրանսիայում, ո՛չ էլ աշխարհի որևէ այլ անկյունում չեմ ճանաչում մի մարդու, որն ընդունակ է գրելու և խոսելու առավել հմտորեն և տաղանդավոր, քան Ավետարանը գրած ձկնորսներն ու մաքսավորը։ Ես համարձակվում եմ պնդել, որ մեզնից ոչ մեկն ի վիճակի չէ գրելու Ավետարանի նման գոնե մի պատմություն, որը լինի այնքան պարզ, բայց և միաժամանակ վսեմ, այնքան թարմ, այնքան սրտառուչ, օժտված հոգու վրա այնպիսի ներգործությամբ և դարերի ընթացքում չխամրող ազդեցությամբ, ինչպիսին մեզ համար հանդիսանում է յուրաքանչյուր առանձին վերցրած, նույնիսկ աննշան ավետարանական տեղեկությունը Հիսուս Քրիստոսի տառապանքների ու մահվան մասին»։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

«Ավետարանը մխիթարում է մարդուն, ինչ վիճակում և պայմաններում էլ նա գտնվի։ Քրիստոսն առինքնում է ողջ մարդկությանը։ Առանց նրա ուսմունքի մենք ոչինչ չգիտենք և ոչինչ չենք տեսնում ինչպես Աստծո, այնպես էլ մեր մեջ, առանց Քրիստոսի ամեն ինչ մեզ համար խավար է ու խառնաշփոթություն։ Առանց նրա վարդապետության մարդը մատնված է արատների և աղետների, մոլորության, խավարի, հուսահատության ու մահվան։ Հետևելով Քրիստոսի ուսմունքին` մարդիկ կարող են ազատվել այդ ամենից։ Մեր բովանդակ առաքինությունն ու երանությունը ի Քրիստոս է։ Առանց Քրիստոսի վարդապետության մարդիկ կհոշոտեին միմյանց, աշխարհը դժոխք կդառնար և կայլասերվեր»։
Բլեզ Պասկալ
Ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա

«Փոքր, մութ և այլ ազգերից արհամարհված ժողովուրդը մի գիրք ուներ, որը կդառնար մարդկային մտքի մեծագույն կոթողը, եթե Աստծո ստեղծագործությունը չլիներ, և որի աստվածային ծագումը ստիպված ընդունում էին նույնիսկ նրա թշնամիները։ Հոմերոսը չունի Ծննդոց գրքի նահապետների կյանքը նկարագրող պատումներին հավասար մի բան, Պինդարոսը զիջում է մարգարեների վսեմ խոսքին, Թուկիդիդեսը և Տակիտոսը չեն համեմատվի Մովսեսի` իբրև պատմիչի հետ, Ելից և Ղևտացոց գրքերի օրենքներն անհամեմատ բարձր են, քան Լիկուրգոսի և Նումա Պոմպիլիուսի օրենսդրությունները, Սոկրատին ու Պլատոնին նախքան Ավետարանն արդեն գերազանցել էր Սողոմոնը, որը մարդ արարածի շուրթերին դրված Երգ երգոցով մեզ ավանդեց աստվածային սիրո զարմանահրաշ երգը, իսկ Ժողովողի միջոցով` ընկած մարդու մելամաղձոտ հիմնը. վերջապես` Ավետարանը, եզրափակելով այս եզակի գրքի (Աստվածաշնչի) դերը, այն կնքեց մինչ այդ մարդկանց անհայտ գեղեցկության դրոշմով, որը, մնալով անզուգական, երկրի վրա համեմատության որևէ եզր չունի, ինչպես և ողջ քրիստոնեությունը»։
Լակորդեր
Ֆրանսիայի ակադեմիայի անդամ

«Ո՛չ տեսիլքով, ո՛չ երկնային հափշտակությամբ, ո՛չ երկնային ձայնով, ո՛չ էլ որևէ հրաշալի երազով կամ այլ հրաշքով բերվեցի ես փրկության ճանապարհ. իմ լուսավորության համար ես պարզապես պարտական եմ այս գրքի ծանոթությանը։ Գրքի՞։ Այո՛, և այն հնամենի, հասարակ գիրք է` բնության պես համեստ ու բնական։ Այս գիրքն այնքան անհավակնոտ է ու սովորական, որքան մեզ ջերմացնող արեգակը և մեզ հագեցնող հացը։ Այն մեզ է նայում այնպես սիրալիր ու օրհնաբեր բարությամբ, ինչպես ծեր տատիկը, որն ամեն օր դողդոջ շուրթերով և ակնոցն աչքերին ընթերցում է այս գիրքը։ Այս գիրքը շատ հասարակ անուն ունի` գիրք` Բիբլիա։ Այն իրավամբ անվանում են նաև Սուրբ Գիրք։ Ով կորցրել է Աստծուն, վերստին կգտնի Նրան այս գրքում, իսկ ով երբեք չի ճանաչել Տիրոջը, նրա վրա գրքի միջից կփչի աստվածային խոսքի շունչը։ Թանկարժեք քարերից հասկացող հրեաները շատ լավ գիտեին, թե ինչ են անում, երբ երկրորդ Տաճարի հրկիզման ժամանակ, հրին զոհաբերելով զոհաբերության արծաթե ու ոսկե անոթները, աշտանակներն ու կանթեղները, նույնիսկ խոշոր թանկարժեք քարերով ընդելուզված քահանայապետի զգեստը, փրկեցին միայն Ս. Գիրքը։ Այն Տաճարի ճշմարիտ գանձն էր, և փա՜ռք Աստծո, որ չոչնչացավ` հրո ճարակ դառնալով»։Հայնրիխ Հայնե
Գերմանացի բանաստեղծ

Դիտվել է՝ 2811

Մեկնաբանություններ